2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը մշտապես չարաշահել է ռազմագերիների հայրենադարձման հարցը՝ քաղաքական շահերի հասնելու նպատակով․ այսօր ԱՊՀ առաջնորդների նեղ կազմով նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը գերիների ազատ արձակումը կապում էր ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ, թեև եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունը կայանում էր բացարձակապես բոլոր գերիների անհապաղ փոխանակման մեջ։
«Հայաստանն Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի իր ունեցած բոլոր քարտեզները, բայց դա ժեստ էր մեր կողմից։ Ականապատ դաշտերի բոլոր քարտեզները ստանալուց հետո Ադրբեջանը հայտարարեց, որ այդ քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25%: Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ստուգել այս հայտարարությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ։ Մյուս կողմից, եթե անգամ այս պնդումը համապատասխանում է իրականությանը, ապա Հայաստանի Հանրապետությունն իր բոլոր քարտեզները տվել է Ադրբեջանին և չունի «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ, որոնք թողել է իրեն:
Այժմ, քարտեզները ստանալուց հետո, Ադրբեջանը փորձում է ռազմագերիների, գերիների և այլ պահվող անձանց վերադարձը պայմանավորել ԼՂ առաջին պատերազմի հետևանքով անհայտ կորածների ճակատագրի պարզաբանմամբ»,-ասել է Փաշինյանը՝ նշելով, որ Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներից հետո հայկական կողմից ևս եղել են անհայտ կորածներ։
«Առաջին պատերազմից հետո անհայտ կորած է համարվում 777 մարդ, իսկ երկրորդ պատերազմից անհայտ կորած է համարվում 217 մարդ, որից 196-ը` զինվորականներ են, իսկ 21-ը՝ քաղաքացիական անձինք։ Այս տարեսկզբի մեր հանդիպումների ժամանակ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել լիարժեք համագործակցել անհայտ կորածների խնդրի ողջ սպեկտրում և արդեն միակողմանիորեն հանձնել է գերեզմանների մի քանի քարտեզներ, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի՝ հարյուրավոր զոհերի աճյուններ:
Ցավոք, ադրբեջանական կողմը, որը 30 տարի մերժում էր ականազերծման կամ որևէ այլ մարդասիրական գործունեության ոլորտում համագործակցության առաջարկները, հիշել է իր անհայտ կորած քաղաքացիների կամ ականների մասին միայն Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայից և այն բանից հետո, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը սկսեց խոսել ադրբեջանցի զինվորականների կողմից կատարված ռազմական հանցագործությունների կամ Ադրբեջանում ապօրինի պատանդ պահվող հայ ռազմագերիների մասին։ Չխորանալով մանրամասների մեջ՝ միայն այս փաստն արդեն հստակ ցույց է տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները»,-ասել է ՀՀ վարչապետը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանի սուվերեն տարածքի միջդիրքային գոտիներում գտնվող մեր մի քանի տղաների աճյունները։
Փաշինյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում։