Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին - RadioVan.fm

Онлайн

Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին

2022-10-14 17:37 , Политика, 917

Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Աստանայում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարների հանդիպումը։ Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները հայտարարություններ են տարածել։

ՀՀ արտգործնախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների շրջանակներում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ:

Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման, բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։ Կարևորվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման ու վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը՝ նոր ագրեսիաները կանխարգելելու նպատակով»,-ասված է հաղորդագրությունում։

Նշենք՝ մինչ հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ այսօր Աստանայում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպմանը հույս ունի քննարկել երեք երկրների նախագահների 2020 և 2021 թվականների պայմանավորվածությունների կատարման հարցը՝ հասկանալու համար, թե «ինչպես շարժվել առաջ»։

«Ժամանակն արագ է հոսում, իրադարձությունները բավականին արագ են զարգանում, դրա այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այսօր չափազանց հարմար առիթ է շփվելու այդ թեմայով ու տեսնելու, թե ինչ կարող ենք զեկուցել մեր առաջնորդներին պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ, որոնք նրանք են ստորագրել»,-Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ ասել էր Լավրովը։

Եռակողմ հանդիպման ավարտից հետո տարածած հաղորդագրությամբ, ահա, ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ նախարարներն առարկայական քննարկում են անցկացրել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ, որոնք իրականացնում է եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ։

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են նաև Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, ինչպես նաև հասարակության ներկայացուցիչների և երեք երկրների փորձագետների երկխոսության վերաբերյալ հարցեր։

«Հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Лента

Рекомендуем посмотреть