Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Հադրութի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին ավիրելու մասին - RadioVan.fm

Онлайн

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Հադրութի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին ավիրելու մասին

2022-10-13 20:13 , Культура, Шоу бизнес, 937

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Հադրութի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին ավիրելու մասին

Ինչպես Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, այնպես և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից ոտնձգությունները և բարբարոսական գործողությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից՝ իր վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու (18-19 դդ) հիմնահատակ ոչնչացմանը։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցավով արձանագրում է, որ ինչպես Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, այնպես և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից ոտնձգությունները և բարբարոսական գործողությունները ։

Օրերս ԱՄՆ Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch կառույցի կողմից հրապարակված արբանյակային տեսագրությունների հետազոտության արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանը հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին (18-19 դդ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից շարունակ իրականացվող մշակութային եղեռնը, որի նպատակը մեկն է՝ զրկել Արցախ աշխարհը իր պատմական ինքնությունից, հայկականության որևէ վկայությունից ։

Որդեգրված այս քաղաքականությունը միտում ունի խորացնելու ազգերի միջև ատելության և անհանդուրժողականության մթնոլորտը և չի նպաստում տարածաշրջանում տևական խաղաղության վերահաստատմանը ։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կոչ է անում միջազգային հանրությանն ու պատկան կառույցներին հստակ գնահատական տալ սույն հանցագործությանը և գործնական քայլեր ձեռնարկել հետագա վերացումից փրկելու Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային պատմական ժառանգությունը»,-ասված է Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի տարածած հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть