Երևանի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարանի կառուցումը նախագծման փուլում է, գործընթացը շարունակվում է։
Այդ մասին կառավարության այսօրվա նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ հիշեցնել, որ մրցույթ ենք հայտարարել, և Աջափնյակ վարչական շրջանում նոր կայարան կառուցելու գործընթացը գնում է։ Նախագծման աշխատանքները արդեն ընթացքի մեջ են։ Նախագծման գործընթացի առաջին փուլը ավարտում ենք և, ըստ նախատեսվածի, 2023 թվականի վերջում կունենանք պատրաստի նախագիծ և հնարավորություն կունենանք արդեն շինարարության մրցույթ հայտարարել։ Պետք է արձանագրենք, որ հստակ որոշումը կայացրել ենք և պետք է գնանք այս ճանապարհով։ Ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, հույս ունեմ ժամկետները չեն խախտվի, և 2024 թվականին պետք է սկսենք Աջափնյակ կայարանի շինարարությունը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է նաև, որ մետրոյի ուղևորահոսքերն ավելացնելու ուղղությամբ պետք է աշխատել Երևանի քաղաքապետարանի հետ:
«Եւ Երևանի տրանսպորտային համակարգը կառուցենք: Մենք 650 մլն դրամ ենք հատկացնում, ամենատարբեր առիթներով հատկացնում ենք խոշոր գումարներ։ Մենք պետք է հստակ արձանագրենք՝ միջոցները պետք է ծախսվեն մաքսիմալ արդյունավետ, ծախսման արդյունավետությունը սկզբունքային կարևոր հարց է»,-ասել է կառավարության ղեկավարը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ նախագծող ընկերության հետ պայմանագիրը կա, 3 փուլից է բաղկացած:
«Առաջին փուլում նախատեսված էին երկրաբանական, բնապահպանական, օդերևութաբանական հետազոտություններ: Ամբողջ նախագծի արժեքը 1 միլիարդ 848 միլիոն դրամ է: Կարծում ենք՝ բնականոն հունով կընթանա, 2024 թվականին կանցնենք շինարարությանը»,-մանրամասնել է նախարար Սանոսյանը:
Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ կառավարությունն այսօրվա նիստում նաև Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կարիքների համար թունելային հզոր օդափոխիչներ և СП-6 սլաքային փոխադրիչների պահեստամասերի ձեռք բերելու նպատակով որոշում է ընդունվել։