Կառավարությունը նախատեսում է կրկնապատկել կամավոր ատեստավորում անցած պայմանագրային զինծառայողների աշխատավարձը - RadioVan.fm

Онлайн

Կառավարությունը նախատեսում է կրկնապատկել կամավոր ատեստավորում անցած պայմանագրային զինծառայողների աշխատավարձը

2022-10-13 19:07 , Политика, 891

Կառավարությունը նախատեսում է կրկնապատկել կամավոր ատեստավորում անցած պայմանագրային զինծառայողների աշխատավարձը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

Ըստ հիմնավորման՝ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին համար հավելավճար սահմանելու, հավելավճարի հաշվարկումն այդ զինծառայողների ատեստավորմամբ պայմանավորելու և, դրանով իսկ, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու անհրաժեշտությամբ:

Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների համար գործող ատեստավորման կարգի փոխարեն սահմանել ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով պայմանավորված զինծառայողին կհաշվարկվի հավելավճար:

Գործընթացի շրջանակում նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ատեստավորման կարգ, որի համաձայն կներդրվի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման համակարգը, կսահմանվեն մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, ատեստավորման արդյունքներով հավելավճարների չափերը, վճարման և հաշվարկման կարգերը, հաշվարկվող հավելավճարների դադարման պայմանները: Ընդ որում, առաջին անգամ ատեստավորումը չանցնելուց հետո կրկնակի ատեստավորման արդյունքներն ազդեցություն են ունենալու նաև պայմանագրային զինծառայողի կողմից տվյալ պաշտոնում հետագա պաշտոնավարման վրա:

Միաժամանակ, նպատակահարմար է համարվել հավելավճարի հաշվարկման նպատակով ատեստավորումն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ համապատասխան զինվորական պաշտոն զբաղեցնող զինծառայողների համար նախատեսել կամավոր հիմունքներով, իսկ օրենքով սահմանված զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող զինծառայողների համար՝ պաշտոնի նշանակվելու օրվանից հետո որոշակի ժամանակահատվածում՝ պարտադիր կարգով, ինչպես նաև նույն կարգով իրականացնելով պահեստազորից պայմանագրային զինվորական ծառայություն ընդունվող, նոր պայմանագիր կնքող և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոնի նշանակված պայմանագրային զինծառայողների ատեստավորումը: Բացի այդ, ատեստավորման արդյունքներով հավելավճար ստացող պայմանագրային զինծառայողները նույն պաշտոնում ենթակա են լինելու ատեստավորման երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Կարգավորման իմաստը կայանում է նրանում, որ համապատասխան գործառույթներ ունեցող համապատասխան խմբի պաշտոն առաջին անգամ զբաղեցնող զինծառայողների համար հավելավճարի հաշվարկումը պետք է լինի պարտադիր՝ վարձատրության առումով պայմանագրային զինծառայության մրցակցային գրավչությունն ապահովելու նպատակով՝ միաժամանակ դրա հաշվարկումը կապելով ատեստավորման արդյունքների հետ, որպեսզի հավելավճարը հաշվարկվի իր մասնագիտական և գործառութային պարտականություններին պատշաճ տիրապետող զինծառայողին: Իսկ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող անձանց համար ատեստավորման կամավորությունը նախատեսվել է այն տրամաբանությամբ, որ տվյալ զինծառայողն ինքը պետք է շահագրգռված լինի հավելավճարի տեսքով իր դրամական ապահովության բարձրացման համար և ինքը դիմի անցնելու ատեստավորում:

Անդրադառնալով օրինագծին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այն պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելու մասին է։

«Այս դեպքում էլ պետք է արձանագրենք, որ անցնում ենք նույն ճանապարհով, ինչ ուսուցիչների դեպքում։ Որոշում ենք կայացրել, որ ատեստավորման համակարգը պետք է կիրառել զինծառայության և այլ ծառայությունների պարագայում։ Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո անմիջապես կսկսի կամավոր ատեստավորման գործընթացը։ Զինվորականը ատեստավորում անցնելու դեպքում կստանա աշխատավարձի կրկնապատկում, երբեմն նույնիսկ ավելին։ Այս գործընթացը շարունակական բնույթ կստանա, ինչպես մենք նախկինում պայմանավորվել ենք»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն նշել է, որ այս օրինագիծը պրոֆեսիոնալ բանակ ունենալուն ուղղված բարեփոխումների հայեցակարգի կարևոր և անբաժանելի մասն է.

«Գիտեք, որ արդեն իսկ մեր ընդունած որոշումներից մեկի համաձայն՝ ռազմաուսումնական հաստատություն ընդունվածները, որոնք կավարտեն և զինծառայություն կանցնեն, կապահովվեն բնակարանով մինչև իրենց ծառայության վերջը: Մենք խնդիր ենք դրել, որ այդ բարեփոխումների արդյունքում պետք է ունենաք պրոֆեսիոնալ բանակ: Առաջինը՝ զինծառայողը պիտի չունենա բնակարանի խնդիր: Սպայակազմը, որը կավարտի ռազմաուսումնական հաստատությունը բնակարանը պետությունից կստանա, իսկ նրանք, ովքեր զինծառայության են անցել դրանից առաջ և բնակարանի խնդիր ունեն, մենք զանազան ծրագրերով կաջակցենք նրանց բնակարանի ձեռք բերման հարցում: Երկրորդը՝ զինծառայողը պիտի չունենա հացի խնդիր, եթե շատ պարզ ձևակերպենք: Երրորդը՝ պիտի չունենա ընտանիքի անդամների առողջապահական կարիքների ապահովման խնդիր և չորրորդը՝ պիտի չունենա երեխաների ուսումը կազմակերպելու հետ կապված խնդիր: Ահա, այս չորս սյուների վրա է կառուցված լինելու պրոֆեսիոնալ բանակի մեր հայեցակարգը սոցիալական երաշխիքների մասով: Եվ այս որոշումը այդ շարքի կարևոր որոշումներից է»:

Անդրադառնալով ատեստավորման չափանիշներին՝ վարչապետն ընդգծել է բոլոր ոլորտներում պատշաճ չափանիշներ և ատեստավորման հուսալի համակարգ ունենալու կարևորությունը:

«Եթե այս երկուսից որևէ մեկը մենք չունենանք, չենք հասնի մեր նպատակակետին և նպատակադրմանը: Ընդ որում՝ սա վերաբերում է ատեստավորման մեր բոլոր համակարգերին: Մենք որոշում ունենք, որ նույն համակարգը պետք է ներդնենք նաև ոստիկանությունում, ներքին գործերի նախարարության հիմնադրման տրամաբանության մեջ, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայությունում և առաջին հերթին՝ հատուկ ծառայություններում: Նաև հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների համատեքստում մենք թեմային կանդրադառանանք: Ուրախ եմ, որ մենք այս բանաձևը գտել ենք, հիմա մնում է, որ բանաձևը կիրարկման գործընթացի ժամանակ չվարկաբեկվի: Դա չափազանց կարևոր է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть