Վաշինգտոնում Սալիվանի և Հաջիևի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ունենալու հարցը նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև տարեվերջ սահմանազատում իրականացնելու․ Առաջին ալիքի եթերում, Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում, ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նշել է, թե «խաղաղության պայմանագիրը և դելիմիտացիան փոխկապակցված են»։
ԱԽ քարտուղարը շեշտել է, որ Հայաստանը մտահոգություն ունի, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո «չդելիմիտացված սահմանի» պատրվակը կարող է օգտագործել Հայաստանի վրա հարձակվելու համար։
Գրիգորյանի խոսքով՝ 1929 թվականին հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթաց եղել է, մնում է դա հիմք ընդունելու վերաբերյալ փոխադարձ համաձայնության գալ։ Դա, ըստ Արմեն Գրիգորյանի, ապահովում է ՀՀ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը։
Հայաստանի դիրքորոշումը, ընդգծել է ԱԽ քարտուղարը, մնում է նույնը, այն է՝ միջանցքային տրամաբանություն ունեցող որևէ հարց չեն քննարկելու, ապաշրջափակումը պետք է տեղի ունենա սուվերենության հիման վրա։
Պաշտոնյայի խոսքով՝ շարունակում է օրակարգում մնալ ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից, ինչը նույնպես քննարկվել է։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Սպիտակ տանը հանդիպել էին սեպտեմբերի 27-ին։