Պաշտպանության բանակի (ՊԲ) կողմից ականների տեղադրումը եղել է բացառապես Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) հետ շփման գծում, և այդ գործընթացը կատարվել է երկուստեք:
Այս մասին Ալիևի հայտարարությունների առնչությամբ «Արցախպրես»-ի հարցադրմանն ի պատասխան ասել է ԱՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը:
Հիշեցնենք՝ այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ելույթ ունենալով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության Աստանայի գագաթնաժողովում, Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարել է Արցախի բռնազավթված տարածքներում հայկական կողմի, իբր, նպատակաուղղված կերպով շուրջ մեկ միլիոն ականների տեղադրման մասին: Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանից մոտ 30 տարի և 25 մլրդ դոլար կպահանջվի իր վերահսկողության տակ անցած տարածքներում ականազերծման խնդիրը լուծելու համար:
Սուրեն Սարումյանի խոսքով՝ առաջին պատերազմից հետո ադրբեջանական կողմի տեղադրած ականների մաքրման բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել, սակայն, հաշվի առնելով դրանց ծավալները, հարյուրավոր հեկտարներ դեռևս ականապատված են։
Նրապնդմամբ՝ այդ տարածքներում տեղադրված ականների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը միայն ադրբեջանական կողմին է հայտնի, և այս առումով հայկական կողմին ուղղված մտացածին մեղադրանքները միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ են: