ԱԱԾ-ն Ղրիմի կամրջի պայթյունին ՀՀ քաղաքացու առնչությունը կստուգի քրեական վարույթի շրջանակում - RadioVan.fm

Онлайн

ԱԱԾ-ն Ղրիմի կամրջի պայթյունին ՀՀ քաղաքացու առնչությունը կստուգի քրեական վարույթի շրջանակում

2022-10-13 16:46 , Право, 921

ԱԱԾ-ն Ղրիմի կամրջի պայթյունին ՀՀ քաղաքացու առնչությունը կստուգի քրեական վարույթի շրջանակում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն է տարածել, որում ասված է․

«Զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կարմրջի վրա տեղի ունեցած ահաբեկչական գործողության կատարման նպատակով օգտագործված պայթուցիկ նյութերը քողարկված են եղել ՀՀ քաղաքացու կողմից վարած բեռնատարի մեջ, որը մինչ այդ արտերկրից մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, այնուհետ՝ ուղևորվել Ռուսաստանի Դաշնություն:

Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում միջազգային ահաբեկչությանն օժանդակելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ԵԱՏՄ սահմանով պայթուցիկ նյութերի մաքսանենգություն կատարելու և իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են հարցաքննություններ, առգրավումներ և քննչական ու դատավարական այլ գործողություններ:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, դեպքի իրական հանգամանքները պարզելու նպատակով իրավական գործիքակազմի հնարավոր բոլոր միջոցների օգտագործմամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ, որոնց արդյունքների մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ըստ անհրաժեշտության, համապատասխան տեղեկություններ կտրամադրի հանրությանը»:

Նշենք՝ երեկ՝ հոկտեմբերի 12-ին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնեց, որ ուսումնասիրվել են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) կողմից Ղրիմի կամրջի պայթեցման գործով ՀՀ քաղաքացու ձերբակալման մասին հրապարակումները, դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

Лента

Рекомендуем посмотреть