ՀՀ կառավաությունը՝ ի դեմ պաշտպանության նախարարության (ՊՆ), հրաժարվում է եռամսյա հավաքներից՝ դրանք դարձնելով 25-օրյա և պարտադիր։
Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ընդգծելով, որ 25 է նշվում՝ կազմակերպական հատվածն ապահովելու համար, սակայն հիմնական ծառայությունը 21 օր է լինելու։
Նախարարը մանրամասնել է, որ հավաքների մասնակիցները 7 օր զինվորական պատրաստություն կանցնեն, 14 օր կներգրավվեն մարտական հերթապահության։
Նախարարը շեշտել է՝ դա լինելու է պարտադիր ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար, որոնց, ի դեպ, հավաքների ժամանակահատվածի ընտրության հնարավորություն կտրվի։
Անդրադառնալով այս հարցին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ շատ երկար ժամանակ պահեստազորայինները պատրաստություն չեն անցել, ինչը, նրա խոսքով երևացել է 2020 թ-ի պատերազմի ժամանակ։
«Կառավարությունը որոշեց եռամսյա հավաքների որդեգրված քաղաքականությունն իրականացնել և այդ ընթացքում պարզվեց, որ խնդրահարույց է, քանի որ մարդիկ աշխատում են, որի հետ կապված խնդիր է լինում: Որոշեցինք հրավիրել հատկապես այն մարդկանց, ովքեր աշխատանք չունեն, և սա ինչ-որ առումով սոցիալական նշանակություն ուներ, որովհետև եռամսյա հավաքի մասնակիցները նաև վճարվում են՝ աշխատավարձ են ստանում, բայց հետագայում եկանք եզրակացության, որ դա այդքան էլ արդյունավետ չէ, և պետք է դարձնել մեկամսյա և այդ դեպքում այդ պրոբլեմները չեն ծագում»,-ասել է Փաշինյանը՝ իր հերթին շեշտելով, որ գործընթացը բոլորի համար դառնում է պարտադիր։
Անդրադառնալով կանանց ուղարկած դիմումներին՝ Պապիկյանը հավելել է, որ ՊՆ-ն մշակված ծրագիր ունի, որով ՀՀ իգական սեռի քաղաքացիները կարող են ցանկության դեպքում հերթագրվել և համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն։
Հիշեցնենք՝ պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքների մեկնարկը տրվել է 2020 թվականի Արցախյան պատերազմից շուրջ մեկ տարի անց՝ 2021-ի օգոստոսի 25-ից։ Մինչև նոյեմբերի 25-ը անցկացված եռամսյա վարժական հավաքներին նախատեսված էր ներգրավել 2169 քաղաքացու։ 869 պահեստազորայինի մասնակցությամբ հաջորդ վարժանքները սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ն էին, հետո էլ նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 19-ը՝ 202 քաղաքացու ներգրավմամբ։
2022-ի առաջին հավաքն անցկացվեց հունվարի 15-ից ապրիլի 15-ը՝ ներգրավելով 65 պահեստազորայինի, մինչև 1400 քաղաքացու ներգրավմամբ այս տարվա երկրորդը ապրիլի 1-ից հունիսի 30-ն էր, երրորդը՝ ապրիլի 15-ից հունիսի 15-ին՝ 724 պահեստազորայինի ներգրավմամբ։
Այս տարվա չորրորդ հավաքը մեկնարկել է օգոստոսի 1-ից ու կանցկացվի մինչև հոկտեմբերի 30-ը՝ ներգրավելով 1444 քաղաքացու, հինգերորդը մեկնարկել է սեպտեմբերի 15-ից ու կտևի մինչև դեկտեմբերի 15-ը, որին մասնակցում է 318 քաղաքացի։
Հատկանշական է, որ սեպտեմբերի 29-ին պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ ՀՀ ՊՆ առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել մինչև նոյեմբերի 22-ը հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին, որին ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով: Ի դեպ՝ կառավարության՝ սեպտեմբերի 26-ի որոշման մեջ նշվում է, որ պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքները կանցկացվեն 2022-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 22-ը, որին պետք է ներգրավվեն 3680 քաղաքացի։ Նշենք՝ սա անցկացված հավաքներում ներգրավված քաղաքացիների ամենամեծ թիվն է։
Ուշագրավ է, որ նման հավաքներ հայտարարելու մասին որոշումներում ընդգծվում է, որ անհրաժեշտության դեպքում վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինները ներգրավվում են նաև մարտական հերթապահությունում։
Այսինքն՝ այս ժամանակահատվածում միաժամանակ ընթանում են երեք վարժական հավաքներ, որոնց մասնակցում է ընդհանուր 5442 քաղաքացի։
Հավելենք, որ այս ընթացքում մասնակիցներն ու իրավապաշտպանները ահազանգում են, որ հավաքներն անցկացվում են խախտումներով։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացված ահազանգերի հիման վրա վերջերս հրապարակած հայտարարությամբ փաստել է, որ վարժական հավաքներին ներգրավելու մասին ծանուցագիրը տրամադրվում է քաղաքացիներին նույն օրը զորակոչվելու համար, այնինչ ծանուցումից մինչև հավաքի մեկնելը 20 օր ժամանակ պետք է տրվի, պահեստազորում հաշվառված անձինք չեն ենթարկվում օրենքով սահմանված բժշկական հետազոտությունների և փորձաքննության, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ստորաբաժանումներում բացակայում են քաղաքացիների կողմից իրենց առողջության վիճակի վերաբերյալ նախկինում ներկայացված փաստաթղթերը, հաշվի չի առնվում պահեստազորում հաշվառված անձանց ընտանեկան դրությունը, ինչը ամրագրված չէ նաև օրենքով:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը