ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցի «Սթոունմեն Դուգլաս» դպրոցի նախկին սանը նախօրեին մուտք գործելով դպրոցի շենք՝ կրակ է բացել աշակերտների ուղղությամբ՝ սպանելով 17 մարդու, այդ թվում՝ մեծահասակների:
Հրաձիգը՝ 19-ամյա Նիկոլաս Կրուզը, միտումնավոր միացրել է հրդեհի տագնապի ազդանշանը, որպեսզի «Սթոունմեն Դուգլաս» ավագ դպրոցի աշակերտները դուրս գան դասարաններից ու զոհերը հնարավորինս շատ լինեն:
Ըստ տարբեր աղբյուրների՝ հրաձգության հետևանքով 50 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հոսպիտալացվել է 16 մարդ, որից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Վիրավորվածների թվում է եղել նաև հրաձիգը, որին հիվանդանոցից անմիջապես իրավապահները ձերբակալել են: Ոստիկանությունից հայտնել են, որ Կրուզի սոցցանցերի էջերի ուսումնասիրման արդյունքում «չափազանց մտահոգիչ նյութեր» են հայտնաբերվել:
Ի հիշատակ հրաձգության զոհերի՝ Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթի կարգադրությամբ նահանգի բոլոր պետական հիմնարկությունների դրոշները մինչև փետրվարի 19-ը խոնարհված կմնան: