ՌԴ Մանկական և պատանեկան ստեղծագործության զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված «Սպիտակ ագռավ-2017» մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների 4-րդ միջազգային ցուցահանդես-մրցույթում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճնի արվեստի դպրոցը ճանաչվել է լավագույն արտասահմանյան դպրոց:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, շնորհավորելով հայ աշակերտներին արձանագրած հաջողությունների առթիվ,Նոր Հաճնի արվեստի դպրոցի տնօրեն Աշոտ Ղարիբյանին է հանձնել «Белая ворона – 2017» մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների 4-րդ միջազգային ցուցահանդես-մրցույթի «Լավագույն արտասահմանյան դպրոց» մեդալը: Նախարարի տեղակալն իր խոսքում շնորհակալություն է հայտնել դպրոցի մանկավարժական ողջ անձնակազմին հայ պատանիների որակյալ գեղարվեստական կրթությունը կազմակերպելու և այն միջազգային հարթակներում ներկայացնելու համար:
ՌԴ Սարատովի երկրամասում կազմակերպված մրցույթին ներկայացվել է պատանի նկարիչների 750 ստեղծագործություն՝ 7 երկրներից՝ ՌԴ, Հայաստան, Հունաստան, Իտալիա, Ինդոնեզիա, Ղազախստան և Ուկրաինա:
Նոր Հաճնի արվեստի դպրոցը ներկայացրել է 71 ստեղծագործություն, որոնցից 61-ը արժանացել են դիպլոմների, 15-ը գրավել են մրցանակային տեղեր:
Մրցույթին մասնակից բոլոր պատանի նկարիչները ստացել են մասնակցության հավաստագիր:
ԿԳՆ