ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում ստեղծված կայքում հրապարակել է «Հայ կանանց մեռելային լռությունը» վերնագրով նյութ՝ անդրադառնալով իր նախաձեռնած արշավի տապալմանը։
Հակոբյանը շեշտել է՝ կարծում էր, որ երկրի ղեկավարի կնոջ խոսքը, համառությունը բավարար պետք է լիներ ինքնակազմակերպվելու համար:
Հրապարակումն ամբողջությամբ՝ ստորև․
«2018 թվականի ամռանը նախաձեռնեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավը: Արշավի մասին մանրամասն կարող եք կարդալ https://wfp.annahakobyan.am/hy/home/ էջում:
Արշավի իմ ուղերձը հետևյալն էր. «Մենք որպես կին և մայր կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերին, և միջնորդ երկրներին, երբեք և երբեք թույլ չտալ պատերազմական գործողությունների վերսկսում, և վտանգի տակ չդնել հայ և ադրբեջանի երիտասարդ զինվորների կյանքը։ Մենք կոչ ենք անումբոլոր կանանց, ազդեցիկ և հեղինակավոր կանանց, պետութունների ղեկավարների տիկիններին միանալ այս նախաձեռնությանը, ինչի շնորհիվ այն ավելի ուժեղ և հզոր կլինի»:
Արշավի վերջնանպատակն էր ոտքի հանել հարյուր հազարավոր հայ կանանց, ովքեր օրինակ կծառայեին, քաջություն կփոխանցեին բռնապետության մեջ ապրող ադրբեջանցի կանանց, և վերջիններիս ճնշման արդյունքում իսկապես հնարավոր կլիներ կանխել լայնածավալ պատերազմը, հակամարտության լուծման այլ ճանապարհ որդեգրել։
Եւ ի՞նչ կատարվեց: Կատարվեց այն, որ դեռ սաղմնային փուլում «Կանայք հանուն խաղաղության» արշավը տապալվեց՝ հանդիպելով հայ կանանց մեռելային լռությանը (թող ինձ ներեն այն հատուկենտ կանայք, ովքեր աջակցություն էին հայտնում արշավին, և բոլոր նրանք, ովքեր դա անում էին Ֆեյբուքյան քոմենթի տեսքով): Արշավի պաշտոնական էջի «Ես աջակցում եմ» բաժնում գրանցվել է 790 անհատ և 17 կազմակերպություն։
Չէին կարող իհարկե հայ մայրերը համաձայն չլինել արշավի ուղերձի հետ և ասել՝ ո՛չ, մենք ուզում ենք, որ ե՛ւ մեր, ե՛ւ ադրբեջանցի երեխաները զոհվեն պատերազմում: Հնարավոր չէ նման բան:
Այդ դեպքում ո՞րն էր խնդիրը:
Խնդիրն այն էր, որ արշավի մեկնարկին զուգահեռ հրապարակ նետվեց հետևյալ թեզը. «Դու այդ ո՞վ եղար, որ հայ կանանց անունից խաղաղություն ես մուրում: Հայ կինը խաղաղություն մուրացող չէ, խաղաղություն պարտադրող է։ Հայ կինը ոչ միայն առյուծածին է, այլև առյուծ և հարկ եղած դեպքում զենք կվերցնի և ինքը իր որդու հետ կզոհվի մարտի դաշտում, բայց խաղաղություն չի մուրա»:
Ես ասում էի նաև, որ ապրիլյան պատերազմը լուսաբանելիս բացարձակապես նույն վախն եմ տեսել ե՛ւ հայ, ե՛ւ ադրբեջանցի 18-20 տարեկան զինվորների հայացքներում, որ վստահ եմ՝ մեր տղաները կրկին հերոս կլինեն մարտի դաշտում, բայց եկեք չդրդենք նրանց այդ հերոսությանը: Սրան ի պատասխան հրապարակ նետվեց մեկ այլ թեզ. «Ի՞նչ վախ, ինչպե՞ս ես համարձակվում հավասարության նշան դնել մեր զինվորի և ադրբեջանցի զինվորի միջև, հայ մայրը միայն անվախ, քաջ զինվոր է ծնում»:
Ահա այս փուչ նախադասությունները բավարար եղան հայ կանաց կառավարելու և զսպելու համար:Վախը, որ կընկնեն «դավաճանների ցուցակ»,կմեղադրվեն խաղաղություն մուրալու, հայ և ադրբեջանցի երեխաների միջև հավասարության նշան դնելու մեջ, այնքա՜ն զորավոր էր:
Իսկ որ նախադասությունները փուչ էին, երևաց պատերազմի ժամանակ: Հայաստանում ապրում է 18 տարին լրացած 1 միլիոն 231 հազար 584 կին: Սփյուռքում բնակվող մի քանի միլիոն առյուծ հայ կանանց մասին էլ չեմ խոսում: Երբ պատերազմի ընթացքում երկրի ղեկավարը կոչ արեց բոլորին, այդ թվում՝ կանանց և աղջիկներին ջոկատներ կազմել, կազմվեց 1 ջոկատ՝ «Էրատո»-ն (12 հոգի), և 1 վաշտ՝ «Սոսե»-ն (100 հոգի)։
և մեր զավակները միայնակ մնացին դավադիր և անհավասար պատերազմում թշնամուն դեմ հանդիման: և իհարկե նրանք հաղթահարեցին իրենց վախերը, անմարդկային կռիվ տվեցին, հերոսացան, շատերն ընկան հերոսի մահով:
Երկու տարի է՝ մտածում եմ՝ արդյո՞ք այդ ե’ս բավարար ջանք չներդրեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեջ: Կարծում էի, որ երկրի ղեկավարի կնոջ խոսքը,համառությունը բավարար պետք է լիներ ինքնակազմակերպվելու համար: Մենք ունենք հարյուրավոր կանանց միություններ, խորհուրդներ, ասոցիացիաներ, կոլեկտիվներ, հասարական կազմակերպություններ, հայտնի/հեղինակավոր կանայք՝ արվեստի, գիտության, քաղաքականության և բազմաթիվ այլ բնագավառներում։ Նրանց մի մասը օրինակ մարտի 8-ի և ապրիլի 7-ի առիթով մեծ ակտիվությամբ ինքնակազմակերպվում է բեմերի ու խնջույքների սեղանների շուրջ, և խանդաղատանքով լսում առյուծներ ծնող, իր հայրեիքն ու օջախը պաշտող ու պահպանող հայ կնոջ տեսակին նվիրված ոտանավորներ: Մյուս մասըսեմինարներ ու ֆորումներ է կազմակերպում նվիրված կնոջ դերի և նշանակության բարձրացմանը։ Մի տեղ ամպագորգոռ ելույթներ են ունենում, մյուսում՝ ասում, խոսում, ուրախանում։ Տոնացուցային այս երկու օրերից առաջ և հետո սակայն իրական կյանքն է, որն իր օրենքներն ունի և դրանք հիմնականում նրա մասին են, թե կինն ինչ իրավունք չունի անել, ինչպես պետք է իր չափերի մեջ ապրի, և որ ամենակարևորն է՝ ճի’շտ սգա, համոցի’չ, մաքսիմալ տեսանելի’, բարձրաձա’յն։
Փաստ չէ, իհարկե, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավը կկանգնեցներ պատերազմը: Բայց մենք չգիտենք էլ, որովհետև չենք գործել: Եւ խնդիրը անգամ դա չէ, այլ պատասխանատվություն վերցնելն ու դիրքորոշում արտահայտելու քաջություն ունենալը, գոնե այն դեպքում, երբ սեփական զավակիդ կյանքի ու մահվան հարցն է որոշվում:
Չեմ ուզում հավատալ, որ առավելագույնը, ինչին ընդունակ է հայ կինը, աղոթելը կամ անիծելը, և կամ՝ իր հերոսների հետևից հետմահու լացելն է։
Հ.Գ. Արդեն երկու տարի է՝ համահայկական քննարկում է գնում, թե ինչու ենք ջոկատի համար ընտրել Էրատո թագուհու անունը: Այն, որ նա Տիգրան Մեծի ժառանգը և Հայոց պատմության մեջ առաջին կառավարող թագուհին է, ուշադրության արժանի հանգամանքներ չեն երևի։ Պարտված թագուհի է, ասում են: Իսկ գուցե պարտվել է, որովհետև թագավորության մեջ վխտացել են օտար կայսրությունների շահերը սպասարկող, Հայոց պետականությանը մեջքից հարվածող թուլամորթ դավաճաննե՞րը։ Կարծում եմ, սա վարկած է, որ իրավունք ունի գոյություն ունենալ»։