«Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը»․ ՀՀ արդարադատության նախկին նախարարը՝ ԲԴԽ անդամ - RadioVan.fm

Онлайн

«Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը»․ ՀՀ արդարադատության նախկին նախարարը՝ ԲԴԽ անդամ

2022-10-06 18:15 , Право, 1114

«Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը»․ ՀՀ արդարադատության նախկին նախարարը՝ ԲԴԽ անդամ

Ազգային ժողովն (ԱԺ) այսօր գումարված արտահերթ նիստում գաղտնի քվեարկությամբ պատգամավորների 67 կողմ ձայնով Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին ընտրել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի պաշտոնում:

Հիշեցնենք՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն էր սեպտեմբերի 26-ին Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին առաջադրել։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ հոկտեմբերի 5-ի հրամանագրով Կարեն Անդրեասյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021-ի օգոստոսից։

Երեկ նա Ֆեյսբուքում գրել էր, որ ավարտեց իր պաշտոնավարումը որպես Հայաստանի արդարադատության նախարար:

«Ցանկացած կարգավիճակով կշարունակեմ իմ աշխատանքը, որպեսզի Հայաստանում ի վերջո լինի արդարություն բոլորի համար, իսկ դրան հասնելու միակ ճանապարհը արդար և արդյունավետ դատարանն է»,-մասնավորապես, հայտնել էր արդարադատության արդեն նախկին նախարարը։

Ազգային ժողովի արտահերթ նիստում էլ այսօր Կարեն Անդրեասյանը հավաստիացրել է, որ վստահության քվե ստանալուց հետո խոստանում է լինել ԲԴԽ անդամներից մեկը, ով կգործի արդար:

Նա ասել է, որ «արդար դատարանը միշտ եղել է իր երազանքը, ու որ դա, ի վերջո, այդ երազանքին մոտենալու հնարավորություն է:

«ԲԴԽ-ում մի քանի շատ արդար մարդիկ սպասում են, որ արդար ձայների քանակն այնտեղ ավելանա: Ես գնում եմ դառնալու այդ մեկ ավել ձայնն այն կշեռքում, որը կշռելու է դեպի արդարություն: Մենք մաքրելու ենք դատական համակարգն անարդարությունից»,- հայտարարել է Անդրեասյանը։

Երանուհի Թումանյանցն էլ հայտարարել է, որ «ԲԴԽ անդամ ընտրվելու դեպքում անկախ և հանրային վստահությունը վայելող դատական իշխանությունը կայացնելու հարցում անմնացորդ ջանքեր կգործադրի»։

Лента

Рекомендуем посмотреть