Մոսկվան Երևանին և Բաքվին փոխանցել է խաղաղության պայմանագրի համընդհանուր առաջարկ․ Զախարովան՝ արևմտյան մոտեցումների հավասարակշռված չլինելու մասին - RadioVan.fm

Онлайн

Մոսկվան Երևանին և Բաքվին փոխանցել է խաղաղության պայմանագրի համընդհանուր առաջարկ․ Զախարովան՝ արևմտյան մոտեցումների հավասարակշռված չլինելու մասին

2022-10-06 18:14 , Политика, 789

Մոսկվան Երևանին և Բաքվին փոխանցել է խաղաղության պայմանագրի համընդհանուր առաջարկ․ Զախարովան՝ արևմտյան մոտեցումների հավասարակշռված չլինելու մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման արևմտյան մոտեցումներն այնքան էլ հավասարակշռված չեն թվում՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրին առնչվող արևմտյան մոտեցումներին, ապա, մեր կարծիքով, դրանք այնքան էլ հավասարակշռված չեն թվում, և, անկեղծ ասած, չեմ էլ ուզում խոսել որոշ արևմտյան միջնորդների դերի մասին, քանի որ նրանց անհնար է անվանել խաղաղության միջնորդներ»,-ասել է պաշտոնյան՝ առանց հստակեցնելու Մոսկվային չգոհացնող մոտեցումների էությունը։

Զախարովան նշել է, որ հասկանում են՝ աշխարհաքաղաքականությունը ենթադրում է նաև խաղի, մանևրելու տարր, բայց իրենք «դեմ են աշխարհաքաղաքական ինտրիգներին, որոնք հանգեցնում են իրավիճակի վտանգավոր խաթարման»։

Զախարովան նաև հավելել է, որ Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղության պայմանագրի համընդհանուր առաջարկ։

«Մեր համընդհանուր առաջարկները փոխանցվել են Երևանին և Բաքվին: Ինչպես մենք արդեն հաղորդել ենք, արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը այցեր է ունեցել տարածաշրջան այդ թեմայով խորհրդակցությունների համար»,-ասել է Զախարովան՝ նպատակահարմար չհամարելով խաղաղության շուրջ բանակցությունների մանրամասները մեկնաբանելը։

Նա ընդգծել է, որ Մոսկվան միտված է արդյունքի հասնելուն:

«Մենք ինչ-որ հատուկ գովազդային գործունեությամբ չենք զբաղվում, որի տակ ոչինչ չկա: Հակառակը՝ մենք պատմում ենք, թե ինչ է հաջողվել անել: Ուշադրության տակ պահելովխաղաղության պայմանագրի թեմայի զգայուն լինելու հանգամանքը՝ մենք նպատակահարմար չենք համարում մեկնաբանել ընթացող բանակցությունների մանրամասները»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ է աջակցել այն ջանքերին, որոնք տանում են դեպի շոշափելի դրական արդյունքների՝ իրավիճակի կայունացման, և դրա համար է միջնորդական դեր կատարում։

«Ամեն ինչ արել ենք եռակողմ համաձայնագրերի մշակման և կնքման համար և, որ ամենակարևորն է, միտված ենք դրանց իրականացմանը»,-ընդգծել է Զախարովան։

Лента

Рекомендуем посмотреть