Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ Զաքիր Հասանովի հետ երեկ՝ հոկտեմբերի 3-ին կայացած հեռախոսազրույցում, անդրադառնալով Բաքվի ու Երևանիմիջև վերջին լարվածությանը, հորդորել է շարունակել բանակցությունները՝ լարվածությունը թուլացնելու համար։
ParsToday-ը գրում է, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Կայացած հեռախոսազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարարն ասել է, թե Բաքուն հավակնություններ չունի Հայաստանի տարածքի նկատմամբ և այն զավթելու նպատակով ռազմական գործողություններ սկսելու մտադրություն չունի, ուստի կարծում է, որ խնդիրները կարող են լուծվել «երկխոսության և բարեկամության միջոցով»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ-ադրբեջանական սահամանին Ադրբեջանական զինուժի կողմից սանձազերծած ինտենսիվ ռազմական գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմը 206 զոհված և անհետ կորած, առնվազն 20 ռազմագերի ունի, նաև՝ վիրավորներ: Բացի այդ՝ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ հակառակորդը մի քանի ուղղությամբ մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ օկուպացնելով 10 քառակուսի կիլոմետր տարածք․ թշնամու զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա։
ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինուժի ինտենսիվ ռազմական գործողությունները դադարեցվել էին հրադադարի մասին միջազգային գործընկերների ջանքերով սեպտեմբերի 14-ի երեկոյան 8-ին ուժի մեջ մտած պայմանավորվածության համաձայն։ Հակառակորդը վերջին օրերին էլ պարբերաբար խախտում է հրադադարը՝ ինչի հետևանքով հայկական կողմը 3 զոհ է ունեցել ։