Արցախի Հանրապետության (ԱՀ) պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է գործարար Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարար նշանակելու առաջարկին։
«Ի շարունակություն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարության Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու առաջարկի վերաբերյալ՝ կուզեի մի քանի շեշտադրում անել. 1. Կարծում եմ՝ այս իրավիճակում դա շատ պահանջված ու իմաստուն որոշում է, և ես անվերապահորեն աջակցում եմ Նախագահի որոշում-առաջարկին: 2. Ռուբեն Վարդանյանի նման համաշխարհային մակարդակի ռազմավարական կառավարիչը և բարձր արժեքների տեր մարդը մեծ հնարավորություն է ցանկացած պետության, առավել ևս՝ խոր ճգնաժամ ապրող Արցախի Հանրապետության համար: Ուստի, Արցախ տեղափոխվելու նրա որոշումը լավագույն շանսն է նրա ներուժն ւ առաքելության գիտակցումն արդյունավետորեն իրացնելու համար, որի ներկայումս լավագույն մեխանիզմը, իմ պատկերացմամբ նույնպես, լայն լիազորություններով պետական նախարարի պաշտոն զբաղեցնելն է: 3. Նշեմ, որ իմ ու պարոն Վարդանյանի գնահատականները Արցախի ներկայի ու ապագայի վերաբերյալ, հիմնախնդիրների լուծման մոտեցումները մեծապես համընկնում են, և նաև այդ պատճառով ես հավատում եմ, որ նա կարող է զգալի առաջընթաց ապահովել և՛ ներքին, և՛ արտաքին ուղղություններում: 4. Իսկ իմ նախընթաց գործունեության գնահատականների և հետագա անելիքների վերաբերյալ դեռ առիթ կունենամ հանգամանալից խոսելու: Ես շարունակում ու շարունակելու եմ ծառայությունս Հայրենիքիս իմ ամբողջական ներուժով, արժեքներով ու սկզբունքներով հանդերձ, և ցանկացած դիրքում ու հանգամանքում ես մնում եմ շարքային զինվոր՝ հանուն հայոց պետականության և ազգային վերելքի»,-ասված է պետնախարարի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հայտնեց, որ առաջարկել է գործարար Ռուբեն Վարդանյանին ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը։
«Իհարկե, սա չի նշանակում, որ գործող պետնախարար Արտակ Բեգլարյանի աշխատանքն արդյունավետ չեմ գնահատում, բայց հաշվի առնելով առկա մարտահրավերներն անհրաժեշտ եմ համարում համազգային բոլոր ջանքերի միավորումը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր Հարությունյանը։