Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտնում է, որ հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջների շրջանակներում այսօր նշված դատարաններին է ներկայացվել սույն թվականի հոկտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում շրջանառված հայ զինծառայողների սպանության տեսանյութը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի հիմնարար իրավունքների խախտման փաստը:
Հիշեցնենք՝ կիրակի օրը՝ հոկտեմբերի 2-ին, համացանցում տարածվել էր տեսագրություն, որում ադրբեջանցի զինվորները դաժանաբար գնդակահարում են գերեվարված անզեն հայ զինվորականներին։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ուսումնասիրությունները պարզել են, որ ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների կանխամտածված սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ լայնածավալ հարձակման ընթացքում։
Հայաստանի Հանրապետությունը պահանջել է հստակ գնահատական տալ Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) կողմից այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։