Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է տարանջատվի Արցախի հարցից․ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր ընկալումն այն է, որ խաղաղության պայմանագրի մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է և չլինել: Կա հետևյալ նրբությունը. մենք կարծում ենք, որ այո, Հայաստանը և Ադրբեջանը պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ ԼՂ հարցի շահառուն պիտի լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»,-ասել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը կճանաչի՞ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախի հետ, թե առանց Արցախի։
«Մենք 2018 թվականից ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցում հիմնական բանակցող կողմը պետք է լինի Լեռնային Ղարաբաղը, և մենք շարունակում ենք այդպես մտածել»,- հավելել է նա։
2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրի համաձայն` խաղաղապահները 5 տարի մնում են Արցախում, ապա հեռանում. կա՞ սցենար` ինչպես են Արցախում իրադարձությունները զարգանալու, եթե Ադրբեջանը հրաժարվի խաղաղապահ առաքելությունից:
Այս հարցին էլ պատասխանելով՝ ՀՀ վարչապետն ասել է.
«Ուզում եմ հիշեցնել, որ եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ այդ ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է՝ եթե վեց ամիս առաջ կողմերից մեկը չի առարկում, այսինքն` մեխանիզմը ինքնաբերաբար երկարացումն է: Մեր դիրքորոշումն այն է, որ ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները պետք է ապահովվեն, այս դեպքում ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունն այդ նպատակով է, մեր բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ այդ գործառույթը՝ անվտանգության և իրավունքների ապահովումը, տեղի ունենա և ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրվի»:
Հարցին՝ արդյոք Ադրբեջանի նախագահի հետ շփումներում արծարծվո՞ւմ է Արցախի հարցը, վարչապետը պատասխանել է.
«Մենք քննարկում ենք այդ հարցը, բայց կան նրբություններ, բարդություններ, այնպես չէ, որ դա պարզ քննարկում է: Ես արդեն ասացի, որ, ինչպես նախկինում, և դա ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, կա իրավիճակ, երբ Ադրբեջանն ասում է, որ Հայաստանի հետ չեն ուզում Ղարաբաղի հարց քննարկել, բայց, իհարկե, կոնտեքստում և քննարկումներում այդ հարցը միշտ ներկա է»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանգրին՝ Փաշինյանը վստահեցրել է, որ այսօր սեղանին չկա ստորագրման պատրաստ փաստաթուղթ, ու որ՝ Ժնևում կայանալիք հանդիպման ժամանակ երկու երկրների արտգործնախարարները կսկսեն առարկայական բանակցություններ խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ։
«Մինչև այս պահը չի եղել սեղանին դրված տեքստ, որը մենք պետք է կամ ստորագրենք, կամ չստորագրենք: Առարկայական տեքստ եղել է կոմունիկացիաների բացման վերաբերյալ, բայց դա էլ մենք ենք պատրաստել, բնականաբար մենք այդ պատրաստած տեքստը պատրաստ ենք ստորագրել, ցավոք, դա պատրաստ չի ստորագրել Ադրբեջանը: Մենք շարունակում ենք աշխատել՝ փորձելով մեզ համար ընդունելի այնպիսի տեքստեր գտնել, որը ընդունելի կլինի դիմացի կողմի համար»,- ասել է Փաշինյանը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի բովանդակությանը՝ նա նշել է, որ այդ պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչում։
Վարչապետ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։