ՀՀ-ն պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հայ զինծառայողների խոշտանգման և դիերի պղծման պատերազմական հանցագործություններին - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ն պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հայ զինծառայողների խոշտանգման և դիերի պղծման պատերազմական հանցագործություններին

2022-10-03 16:19 , Политика, 744

ՀՀ-ն պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հայ զինծառայողների խոշտանգման և դիերի պղծման պատերազմական հանցագործություններին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) կողմից կատարած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի կողմից շարունակաբար տարածվող մի շարք տեսանյութեր փաստում են Ադրբեջանի ԶՈւ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում` կանանց խոշտանգման և դիերի պղծման դեպքերի մասին։

Հայաստանի Հանրապետությունը պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈւ կողմից այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։ Մենք հետամուտ ենք լինելու միջազգային համապատասխան հարթակներում և ատյաններում խնդրի բարձրաձայնմանը, և վերոնշյալ հանցագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ։ Այս համատեքստում միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը հրամայական է։

Միաժամանակ, միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, բռնի անհետացումների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման համար»։

Նշենք՝ երեկ վաղ առավոտյան ադրբեջանական սոցիալական հարթակներով տարածված՝ ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին կանխամտածված սպանելու տեսանյութի առնչությամբ հայտարարություն է տարածել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ)՝ նշելով, որ պարզվել է տեսանյութի իսկությունը, այն նոր է, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակման ընթացքում։

«Փաստը հաստատվում է տեղանքի ուսումնասիրության, տեսանյութերի մեր և այլ շտեմարաներում առկա համանման տեսանյութերի հետ համադրությամբ, ինչպես նաև եղանակային պայմանների, զինծառայողների համազգեստի, ադրբեջանցի ծառայողների խոսակցության և այլ պարամետրերի համալիր համադրությամբ։

Սա ադրբեջանական զինուժի կողմից իրականացված հերթական պատերազմական հանցագործությունն է, որի աղբյուրը հայատյացության հետևողական քաղաքականությունն է, որն իրականացվում է Ադրբեջանի կողմից՝ դրսևորվելով կրթական բովանդակությունից սկսած հանրային կյանքի բոլոր ոլորտներում և հենց այդ երկրի նախագահի հայտարարություններում։ Այս արձանագրություններն ի դեպ նաև արված են ՄԱԿ Ռասայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի՝ վերջերս Ադրբեջանի վերաբերյալ հրապարակված զեկույցում։

Այս տեսանյութը, ի թիվս մյուսների, կներառվի Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում և կուղարկվի միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին։

Այսօր ՄԱԿ օրացույցում նշվում է «Բռնության դեմ պայքարի օրը», սակայն պատերազմական այս հանցագործություններին հարցի վերաբերյալ միջազգային մարդու իրավունքների մանդատ ունեցող կառույցների ոչ համարժեք արձագանքը ցավոք ՄԱԿ օրացույցում միայն նման նոր օրեր լրացնելու ռիսկ է պարունակում»,-ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть