«Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր խոստումը»,-այդ մասին Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ առաջինը մայիսին է եղել, երբ Բրյուսելում է խոստում տրվել, իսկ երկրորդը՝ հիմա է։
«Երբ Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվեց մինչև սեպտեմբերի 30-ը ազատ արձակել 17 հայ գերիների»,-մանրամասնել է Փաշինյանը։
This is already the second time when @Azerbaijan refuses to fulfill its promise to release Armenian POWs. The first case was in May, when a promise was made in Brussels, and the second time is now, when in Washington Azerbaijan committed to release 17 Armenian POWs until 9/30.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) October 3, 2022
«Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը»,-իր հերթին Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու մասին արձանագրել է Հայաստանի անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ փաստելով, որ սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իր և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ժամը 00:05-ից Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները: Հակառակորդը կիրառել էր նաև անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):
ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինուժի ինտենսիվ ռազմական գործողությունները դադարեցվել էին հրադադարի մասին միջազգային գործընկերների ջանքերով սեպտեմբերի 14-ի երեկոյան 8-ին ուժի մեջ մտած պայմանավորվածության համաձայն։
Ըստ պաշտոնական տվյալների՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2-ի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող, թիրախավորվել՝ 36 բնակավայր: