Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման միջոցով նախատեսվում է նպաստել՝ աղքատության կրճատմանը, նվազագույն և միջին աշխատավարձերի միջև հարաբերակցության նվազմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2005 թ. սահմանվել է 13,000 դրամ, որը, պարբերաբար բարձրացնելով, 2020 թ. հունվարի 1-ից սահմանվել է 68,000 դրամ։ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի համաձայն՝ կառավարությունը մինչև 2026 թվականը քայլեր է ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85,000 դրամ սահմանելու ուղղությամբ։ Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումն ապահովվելու է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ՝ առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68,000 ՀՀ դրամից դարձնելով 75,000 ՀՀ դրամ և, ըստ այդմ, սահմանել գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող կամ ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նոր նվազագույն չափեր: Նվազագույն ամսական աշխատավարձի չափը 75,000 դրամ սահմանելու դեպքում՝ աշխատաշուկայում պետական հատվածի 28.7%-ի (77,483 աշխատողի) և մասնավոր հատվածի 31.5%-ի (209,723 աշխատողի) մոտ կավելանա աշխատանքի վարձատրությունը։ Այսինքն՝ պետական և մասնավոր հատվածներում ընդհանուր առմամբ կավելանա աշխատողների 30.7%-ի (665,546 աշխատողի) վարձատրությունը։ Պետական բյուջեում աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը կավելանան տարեկան շուրջ 15.3 մլրդ դրամով, իսկ մասնավոր հատվածում՝ շուրջ 94.2 մլրդ դրամով։ Այսինքն՝ պետական և մասնավոր հատվածներում ընդհանուր առմամբ աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը կավելանան տարեկան շուրջ 109.5 մլրդ դրամով։
«Եթե մարդը 75 հազար դրամով մեկ ամիս աշխատում է կամ աշխատանք չունի ՀՀ-ում, դա նշանակում է՝ նա կրթություն չի ստացել: Իհարկե, լինում են դեպքեր, երբ մարդն աշխատունակ չէ»,- արձագանքելով նվազագույն աշխատավարձը գալիք տարվա բյուջեով բարձրացնելու նախագծին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե մարդն ամիսը 75.000 դրամով աշխատում է՝ եկեք հասկանանք՝ դա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ նորմալ կրթություն չի ստացել: Ընդ որում, միայն խոսքը բարձրագույն կրթության մասին չէ, դա կարող է լինել մասնագիտական կրթության մասին: Սա կարևոր արձանագրում է և ակնհայտ, որը, հաճախ չի արվում»,-մասնավորապես հայտարարել է նա՝ միաժամանակ հավելելով, որ իրենց երազանքն այն չէ, որ մարդիկ աշխատեն մեկ ամիս և 75 հազար դրամ ստանան և որ՝ դա հակասում է իրենց պատկերացումներին:
Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում։