ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հրապարակել է ադրբեջանական երեկվա սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները։
Ըստ այդմ՝ սեպտեմբերի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողներն են՝
փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ երեկ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, խախտելով հրադադարը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է, սակայն ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ:
Այսօր՝ ժամը 11-ի դրությամբ իրադրությունը սահմանին անփոփոխ է եղել։