«Մենք Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթաց ենք սկսել, և Ադրբեջանը նման սադրանքներով պարզապես փորձում է այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն չունենա իրականացնել Զինված ուժերի բարեփոխումները»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արևելյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքին։
Փաշինյանն ասել է, որ ադրբեջանական ստորաբաժանումները հարվածները հասցրել են ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական ստորաբաժանման ուղղությամբ:
«Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է: Ընդ որում, պիտի արձանագրեմ, որ ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում: Սա ագրեսիվ գործողությունների և ագրեսիայի շարունակությունն է. Հայաստանի տարածքն օկուպացված է, և մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության տարածքից»,-ասել է կառավարության ղեկավարը՝հայտարարելով, որ բոլոր հնարավոր ուղղություններով նրանք որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով։
«Որտեղ, հնարավոր է, նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից: Սա, իհարկե, ցավալի իրողություն է, և մենք խորապես պետք է վերլուծենք այս իրադրությունը:
Բայց ամեն դեպքում ուզում եմ ընդգծել նաև, որ մենք պիտի խորապես արձանագրենք և հասկանանք ևս մեկ բան՝ այս ամենը տեղի է ունենում հեռահար կամ գուցե ոչ հեռահար մեկ նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, մենք հրաժարվենք մեր ինքնիշխանությունից, մենք մեր տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք: Բայց ուզում եմ նաև ընդգծել, որ ի հեճուկս բոլոր գործոնների, մենք վճռական ենք մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում: Եվ փառք բոլոր այն հերոսներին, ովքեր կանգնած են Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերում»,-հավելել է Փաշինյանը:
Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արևելյան հատվածում իրականացված ագրեսիվ գործողությունների առնչությամբ Նիկոլ Փաշինյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում, սղագրությունը՝ հետևյալ հղմամբ։