«Օրհասական իրավիճակներում պետությանն առաջին հերթին անհրաժեշտ է հանրային կոնսոլիդացիա՝ բարձր նպատակներին հասնելու համար, բայց ոչ կապիտուլյացիայի համար։ Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա։»,-այսօր հրավիրած մամլո ասուլիսում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանը՝ անդրադառնալով «ծանր որոշումների կայացման նպատակով միավորվել»-ու մասին այս օրերին հնչող կարծիք-առաջարկներին։
Քոչարյանն ընդգծել է՝ կապիտուլյացիայի համար պետք է հակառակը՝ դեկոնսոլիդացիա։
«Այս պարզ ճշմարտություներն իրար խառնել ուղղակի չեմ հասկանում` դա չգիտակցելով է արվում, թե նպատակասլաց։ Կապիտուլյացիան դեգրադացիա է առաջացնում և ազորության զգացում։ Սա է միգուցե պետք այսօր այն մարդկանց, որոնք այսօր կոչ են անում հանրային կոնսոլիդացիա կապիտուլյացիայի համար»,-ասել է Հայաստանի երկրորդ նախագահը։
Անդրադառնալով հնչող՝ «իշխանության շուրջ միավորվելու» թեզին՝ Քոչարյանն ասել է․
«Խնդիրը լուծելու համար, նախ այն պետք է ախտորոշես, և չեզոքացնես։ Հիմա մեզ ասում են՝ միավորվել պրոբլեմի շուրջ։ Մեր նպատակը ի՞նչն է՝ փրկել Հայաստանը, թե՞ փրկել Հայաստանի պրոբլեմը։ Բժշկության մեջ ասում են՝ «կա ուռուցք՝ հեռացրեք»։ Եթե մենք ուզում ենք հանրային կոնսոլիդացիա, պետք է այդ կոնսոլիդացիան ունենալ բարձր, դժվար հասանելի, ժողովրդից կամք պահանջող նպատակների համար։ Այ սրա համար, իհարկե, պետք է։ Հենց այդ կոնտեքստում իշխանափոխությունն իմպերատիվ պահանջ է։․․․Սա այն հարցն է, որ կարող է քննարկվելիք թեմա լինել քաղաքական դաշտում։ Մի բան ակնհայտ է՝ մենք չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է, այդ միջավայրը մենք պետք է փոխենք»։