«Ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն, այն է՝ առաջին հերթին ադրբեջանական զինված ուժերը (ԶՈւ) պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն, և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի»,-այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը՝ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
Միրզոյանը միաժամանակ ընդգծել է՝ միջազգային հանրությունը հստակ գործողությունների ու մեխանիզմների միջոցով պետք է կանխարգելի Ադրբեջանի արկածախնդիր քայլերն ու հավանական նոր ագրեսիաները։
«Մենք կարևորում ենք կայունության և խաղաղության դեմ ուղղված Ադրբեջանի առավելապաշտական և հանցագործ նկրտումներին միջազգային հանրության կողմից հասցեական և համարժեք արձագանքը: Ոչ համարժեք, ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև հավասարություն դնող արձագանքները բերում են նոր հանցագործությունների»,-ասել է Արարատ Միրզոյանը՝ այս համատեքստում արժևորելով բարեկամ Հունաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Արարատ Միրզոյանի հայտարարության տեքստն ամբողջությամբ՝ ստորև․
«Պարո՛ն նախարար, սիրելի՛ Նիկոս,
Թանկագի՛ն բարեկամ,
Տիկնայք և պարոնայք,
Ընդամենը օրեր առաջ Նյու Յորքում կարևոր հանդիպում ունեցանք` Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով, և ահա այսօր ուրախ եմ Երևանում հյուրընկալել իմ լավ բարեկամ և գործընկեր Նիկոս Դենդիասին և իր գլխավորած պատվիրակությանը։
Թույլ տվեք, ի դեմս Ձեզ, պարո՛ն Դենդիաս, շնորհակալություն հայտնել Հունաստանին և Հունաստանի կառավարությանը՝ Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, հատկապես այն ժամանակ, երբ մենք առերեսվում ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիային։ 2020 թվականի աշնանը 44-օրյա պատերազմի դժվարին օրերին Ձեր այցը Հայաստան, ինչպես նաև այժմ Երևանում Ձեր գտնվելն այն համերաշխության ու աջակցության հավաստիքն են, որը մենք մեծապես գնահատում ենք:
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր գործընկերոջս հետ հնարավորություն ենք ունեցել անդրադառնալու հայ-հունական հարաբերությունների զարգացմանը։ Անցած 30 տարիներին մեզ հաջողվել է հաստատել ամուր միջպետական հարաբերություններ և ձևավորել ընդգրկուն երկկողմ օրակարգ, որը ներառում է ակտիվ քաղաքական երկխոսություն, համագործակցություն տնտեսության, պաշտպանության, տրանսպորտի, մշակույթի և այլ կարևոր ոլորտներում։
Արձանագրել ենք, որ արդյունավետ փոխգործակցություն է ծավալվում նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք այս կարևոր ձևաչափն էլ ավելի զարգացնել և ծառայեցնել մեր երեք երկրների կենսական շահերի առաջմղմանը:
Այսօր մանրամասն քննարկել ենք նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ Գործընկերոջս ներկայացրել եմ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները:
Մենք կարևորում ենք կայունության և խաղաղության դեմ ուղղված Ադրբեջանիառավելապաշտական ու հանցագործ նկրտումներին միջազգային հանրության կողմից հասցեական և համարժեք արձագանքը: Ոչ համարժեք, ագրեսորի ու ագրեսիայի թիրախի միջև հավասարություն դնող արձագանքները բերում են նոր հանցագործությունների: Այս համատեքստում՝ արժևորում ենք բարեկամ Հունաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Միանշանակ է, որ ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն, այն է՝ առաջին հերթին ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի: Միաժամանակ, միջազգային հանրությունը հստակ գործողությունների ու մեխանիզմների միջոցով պետք է կանխարգելի Ադրբեջանի արկածախնդիր քայլերն ու հավանական նոր ագրեսիաները:
Այսօրանդրադարձել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։ Ցանկանում եմ հիշեցնել, որ երկու տարի առաջ հենց այս օրն էր, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի ու նրա ժողովրդի դեմ: Այսօր՝ երկու տարի անց, հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները :
Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, մենք մերժում ենք ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը, և վերահաստատում մեր հանձնառությունը՝ խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում հաստատելու խաղաղություն և կայունություն։
Այսքանով թերևս ամփոփեմ ելույթս և խոսքը սիրով փոխանցեմ եմ Ձեզ, հարգելի գործընկեր»:
Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների մամուլի համար հայտարարությունները՝ տեսանյութում։
Նշենք՝ Հունաստանի ԱԳ նախարարը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել այսօր։ Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից բացի, Նիկոս Դենդիասը հանդիպում կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։