Առաջարկվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակել բոլոր մայրերին՝ անկախ հաշվառման վայրից և աշխատող լինելու հանգամանքից - RadioVan.fm

Онлайн

Առաջարկվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակել բոլոր մայրերին՝ անկախ հաշվառման վայրից և աշխատող լինելու հանգամանքից

2022-09-27 19:36 , Политика, 811

Առաջարկվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակել բոլոր մայրերին՝ անկախ հաշվառման վայրից և աշխատող լինելու հանգամանքից

Առաջարկվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակել բոլոր մայրերին՝ անկախ հաշվառման վայրից ու վարձու աշխատող լինելու հանգամանքից. ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկել է Կառավարության հեղինակած ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Գործող կարգավորումների համաձայն՝ խնամքի նպաստ նշանակվում է խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողին, ինչպես նաև երեխայի ծննդյան կամ դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի գյուղական բնակավայրի հաշվառում ունեցող, բնակվող ծնողին, անկախ աշխատելու հանգամանքից:

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի՝ այս դեպքում պետական աջակցությունը հասանելի կլինի մինչև 2 տարեկան երեխայի խնամքով զբաղված բոլոր ծնողներին:

«Նման մոտեցման հիմքում ընկած է 2 փաստ: Նախ 2020 թվականի հուլիսի 1-ից հետո, երբ խնամքի նպաստի իրավունք տրվեց նաև չաշխատող, գյուղաբնակ ծնողներին, քաղաքաբնակ ծնողներն արտահայտեցին իրենց դժգոհությունը՝ փաստարկելով, որ քաղաքում երեխային խնամելը նույնպես ծախսատար է և արժանի պետական հոգածության»,-պարզաբանել է պաշտոնյան։

Օրենքը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո: Ընդ որում, վարձու աշխատողների և գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչև 2023 թ. հունվարի 1-ը, իսկ գյուղաբանկ ծնողի դեպքում` նաև եթե դիմումը ներկայացվել է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը: Պահպանելով գործող կարգավորումներով սահմանված խնամքի նպաստի իրավունք տվող հիմանական պայմանները և ժամկետները՝ նախագծով նաև առաջարկվում է վերանայել խնամքի նպաստի իրավունքի իրացման մյուս պայմանները՝ դրանք չփոխկապակցելով աշխատանքից ազատվելու կամ բնակության վայրը փոխելու հետ:

Ընդգծվել է, որ օրենսդրական նախաձեռնությունը բխում է Կառավարության ծրագրից եւ միտված է ծնելիության կայուն աճ ապահովելուն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հավաստմամբ` գյուղաբնակ և քաղաքաբնակ բոլոր ծնողները կստանան այս նպաստը:

Փոխնախարարը նաև նշել է, որ գրավոր առաջարկներ չեն ներկայացվել, իսկ բանավոր առաջարկները կքննարկվեն համատեղ:

Այս նպաստի համար պետբյուջեում նախատեսվել է շուրջ 17.6 մլրդ դրամ:

Քննարկման արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Лента

Рекомендуем посмотреть