Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` ընդգծելով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, ինչի հետևանքով հայկական կողմն ունի նաև զոհեր ու վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում:
«Նիկոլ Փաշինյանը կարևորել է ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ չափազանց մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ:
Յենս Ստոլտենբերգը կարևորել է տարածաշրջանային խնդիրների` բանակցային եղանակով կարգավորման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ հետևողական ջանքերի գործադրումը, այդ թվում` միջազգային գործընկերների աջակցությամբ:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրությունում:
Նշենք՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում սեպտեմբերի 21-ի երեկոյան Նյու Յորք մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: