Ստանիսլավ Զասն այցելել է Վայոց ձորի սահմանամերձ շրջան, ուսումնասիրել գնդակոծված վայրերը - RadioVan.fm

Онлайн

Ստանիսլավ Զասն այցելել է Վայոց ձորի սահմանամերձ շրջան, ուսումնասիրել գնդակոծված վայրերը

2022-09-23 14:23 , Политика, 1038

Ստանիսլավ Զասն այցելել է Վայոց ձորի սահմանամերձ շրջան, ուսումնասիրել գնդակոծված վայրերը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելության շրջանակներում այցելել է Վայոց ձորի մարզի սահմանամերձ շրջան՝ Ադրբեջանի հետ սահմանին։

Կառույցի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ստանիսլավ Զասը հանդիպել է շփման գծում տեղակայված Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Նա նաև ուսումնասիրել է գնդակոծված վայրերը, զրուցել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների հետ:

Ընդգծվում է, որ ՀԱՊԿ առաքելությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի գլխավորությամբ Հայաստան է ժամանել սեպտեմբերի 13-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն։ Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են։

Առաքելությանը հանձնարարված է գնահատել ներկա իրավիճակը, տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց պատրաստել և առաջարկներ մշակել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում առաջացած լարվածության թուլացման համար։

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանում է սեպտեմբերի 20-ից։ Նա արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ծանր հրետանու, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի փաստով պաշտոնական Երևանն էր դիմել ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ ռազմական աջակցության խնդրանքով։

Лента

Рекомендуем посмотреть