Մեղրեցիները ոչ մի թիզ հող չեն պատրաստվում վաճառել ոչ մեկին․ ՔՊ պատգամավորը՝ շրջանառվող լուրերի մասին - RadioVan.fm

Онлайн

Մեղրեցիները ոչ մի թիզ հող չեն պատրաստվում վաճառել ոչ մեկին․ ՔՊ պատգամավորը՝ շրջանառվող լուրերի մասին

2022-09-22 15:40 , Политика, 920

Մեղրեցիները ոչ մի թիզ հող չեն պատրաստվում վաճառել ոչ մեկին․ ՔՊ պատգամավորը՝ շրջանառվող լուրերի մասին

Մեղրեցիները ոչ մի թիզ հող չեն պատրաստվում վաճառել ոչ մեկին. անդրադառնալով տարածված լուրերին, թե Մեղրիի Շվանիձոր բնակավայրի սահմանային գոտում գտնվող այգիները, հողամասերն օտարվում են և գնվում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) սահմանապահ զորքերի կողմից՝ հայտարարել է Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Նրա տեղեկացմամբ՝ պարզվել է, որ այդ խոսակցությունների առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ Շվանիձոր համայնքին պատկանող այգեգործական մի շարք հողամասեր գտնվում են սահմանային գոտում, ուր մուտք գործելու համար անհրաժեշտ է սահմանապահ ծառայությունից անցագրեր ստանալ։

Պատգամավորի փոխանցմամբ՝ Մեղրի համայնքի ղեկավարի կողմից կազմակերպվել է այդ գործընթացը, այգիների, հողամասերի սեփականատերերի, այգեգործների անձնագրերի և այլ փաստաթղթերի պատճենները վերցվել, համապատասխան ստուգումներ կատարելուց հետո ներկայացվել են ՌԴ սահմանապահ ծառայությանը՝ նոր անցագրեր ստանալու համար։

Խաչատրյանը, նշելով, որ անցագրերը տրվում են մեկ տարի ժամկետով, և գործընթացն ամեն տարի կրկնվում է, եզրահանգում է, որ, փաստորեն, այդ գործընթացը տեղիք է տվել տարաբնույթ խոսակցությունների և տեղեկությունների տարածմանը։

Իշխանական պատգամավորը ֆեյսբուքյան գրառմամբ վստահեցրել է՝ մեղրեցիները ոչ մի գումարի դիմաց ոչ մի թիզ հող չեն պատրաստվում վաճառել ոչ մեկին, ու, բացի այդ, նման գործընթացները գտնվում են պետության խիստ հսկողության ներքո։

Лента

Рекомендуем посмотреть