Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում:
Այդ մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Հիշեցնենք՝ երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, մինչ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ժամանելը, ոստիկանության ծառայողները՝ բիրտ ուժի կիրառմամբ, զոհված զինծառայողների շուրջ 4 տասնյակ ծնողի բերման են ենթարկել։ Փաստաբանը հայտնել է, որ նրանց մի մասը վնասվածքներ է ստացել:
Միջադեպից հետո ՀՀ ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ «Եռաբլուր»-ում կազմակերպված միջոցառումների ժամանակ ոստիկանության ծառայողներն իրականացրել են իրենց գործառութային պարտականությունները։ Միաժամանակ տեղեկացվեց, որ պետի հանձնարարությամբ «Եռաբլուր»-ում իրավապահների գործողություններն ուսումնասիրվում են, և հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին:
Այսօր 35 հասարակական կազմակերպություն, զոհվածների հարազատների նկատմամբ բռնությունը համարելով բարոյականության բոլոր շեմերը հատող, նշել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է պաշտոնից ազատի (համապատասխան միջնորդություն ներկայացնելով ՀՀ նախագահին) ոստիկանության պետ Վահե Ղազարյանին: