Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր Երևանում հանդիպել է Հայաստանի զինված ուժերի (ԶՈւ) Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ:
ՀԱՊԿ պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ մանրամասն քննարկվել է Հայաստանի սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը, ինչպես նաև ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ հետագա հնարավոր միջոցառումները։
Հիշեցնենք՝ Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 20-ին։
Նա երեկ հանդիպել է նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Նշենք՝ Կազմակերպության քարտուղարությունից հայտնել են, որ սահմանամերձ շրջաններում առկա իրավիճակը ուսումնասիրելուց և վերահսկելուց զատ՝ առաքելությանը վերապահված է ներկա իրավիճակի գնահատման, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ մանրամասն զեկույցի պատրաստման և Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում լարվածության թուլացման առաջարկների մշակման խնդիրները: