«Եռակողմ հայտարարությունների հետևողական իրականացումը լավ հիմք է Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության»․ Պուտինը՝ Փաշինյանին հղած ուղերձում - RadioVan.fm

Онлайн

«Եռակողմ հայտարարությունների հետևողական իրականացումը լավ հիմք է Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության»․ Պուտինը՝ Փաշինյանին հղած ուղերձում

2022-09-21 18:12 , Политика, 611

«Եռակողմ հայտարարությունների հետևողական իրականացումը լավ հիմք է Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության»․ Պուտինը՝ Փաշինյանին հղած ուղերձում

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ուղերձում, որը հրապարակվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Կարևոր նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերություններին։ Կարևոր է, որ մեր երկրները հաջողությամբ փոխգործակցում են տարբեր ոլորտներում, համակարգում ջանքերը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ բազմակողմ կառույցների շրջանակներում։

Վստահ եմ, որ կառուցողական երկկողմ կապերի հետագա զարգացումը բխում է ռուս և հայ ժողովուրդների հիմնարար շահերից, իսկ 2020 և 2021 թվականներին կնքված եռակողմ հայտարարությունների հետևողական իրականացումը լավ հիմք է Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության ապահովման համար։

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարօրություն»։

Նշենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձներ է ստացել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևից, Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայից, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովից, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնից։

Հայ ժողովրդին Անկախության օրվա առիթով շնորհավորել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ընդգծելով, որ «կշարունակեն աջակից լինել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը»։

Лента

Рекомендуем посмотреть