Արցախի Հանրապետության (ԱՀ) Ազգային ժողովի (ԱԺ) խմբակցությունների ղեկավարներն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, հանդիպել են Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։
Արցախի խորհրդարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի գործարկված նոր երթուղու հետ կապված հասարակության մոտ առկա որոշ խնդիրներին։
Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարը հավաստիացրել է, որ միջանցքի անվտանգությունն ամբողջությամբ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և ընթացիկ շինարարական աշխատանքների ավարտմանը զուգընթաց կվերանան առկա խնդիրները։
Հիշեցնենք՝ օգոստոսի 26-ին Բերձոր քաղաքը, Աղավնոն ու Սուսն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունը օգոստոսի 30-ից իրականացվում է այլընտրանքային երթուղով։
Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից սկսվող Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին շրջանցում է Բերձոր քաղաքը: