Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների 40 ծնող է բերման ենթարկվել։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրանց փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ նշելով, որ ծնողների նկատմամբ բռնություն է կիրառվել, նրանց մի մասը վնասվածքներ է ստացել։ Փաստաբանը հայտարարել է, որ ոստիկանների ապօրինի գործողությունները կբողոքարկվեն։
«Երբ որ տեսա ոստիկանների բիրտ ուժը՝ միայն մի բան եմ ասում՝ եթե այս ոստիկաններն իրենց հմտությունները գործադրեին սահմանում՝ այսքան զոհեր չէինք ունենա, այսքան փոսեր «Եռաբլուր»-ում չէին լինի: 5-6 ոստիկանով բերման էին ենթարկում մեր զոհված զինծառայողների մայրերին»,-ֆեյսբուքյան եթերում այնուհետ ասաց փաստաբանը՝ ոստիկաններին խնդրելով այդ հմտությունները գործադրել սահմանին։
«Դրանք «Եռաբլուր»-ում, զոհվածների շիրիմներին չեն պահանջվում»,-ընդգծեց նա։
Զոհվածների ծնողները, նշենք, «Եռաբլուր»-ում էին գիշերվանից՝ վարչապետ Փաշինյանի ու նրա թիմակիցների մուտքը պանթեոն արգելելու նպատակով։
Առավոտյան ոստիկանները փորձել են բացել ճանապարհը՝ բերման ենթարկելով փողոցը փակած մայրերին։
Չնայած միջդեպին, Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահի և ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին։
Ի դեպ՝ զայրացած ծնողները, տարածքից պաշտոնյաների հեռանալուց հետո, հեռացրել են նրանց անունից դրված ծաղկեպսակները։