Երևանում այսօր հանդիպել են Հայաստանի անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Ըստ ՀԱՊԿ պաշտոնական կայքէջի՝ քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցառումները։
Հայաստանի ԱԽ քարտուղարի գրասենյակը Գրիգորյան-Զաս հանդիպման մասին դեռ չի հաղորդել։
Նշենք՝ ՀԱՊԿ առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, Հայաստան է ժամանել երեկ երեկոյան։
Մինչև սեպտեմբերի 25-ը պատվիրակությունը կգտնվի մեր երկրում։
Կազմակերպության քարտուղարությունից հայտնել են, որ առաքելությանը վերապահված է ներկա իրավիճակի գնահատման, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ մանրամասն զեկույցի պատրաստման և Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում լարվածության թուլացման առաջարկների մշակման խնդիրները:
Նախատեսվում են միջոցառումներ՝ ուսումնասիրելու և վերահսկելու սահմանամերձ շրջաններում առկա իրավիճակը, ինչպես նաև հանդիպումներ կանցկացվեն երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։
Ընդգծվել է, որ Հայաստանում աշխատանքներն ավարտել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի ղեկավարած ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խումբը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը գեներալ Սիդորովը ներկայացրել է ստեղծված օպերատիվ իրավիճակի վերաբերյալ խմբի՝ վերջին օրերին կատարած աշխատանքների արդյունքները։