Ռուսաստանը կոչ է անում Բաքվին ու Երևանին պահպանել հրադադարի ռեժիմն ու հետևելՌուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ, որին մասնակցել է նաև Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
«Մեզ մոտ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ անհանգստություն է պատճառում։ Կոչ ենք անում բոլորին զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»,-Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահը՝ շեշտելով, թե «ելնում են նրանից, որ վիճելի տարածքային հարցերի լուծման բանալին մասնագիտական համատեղ աշխատանքի մեջ է՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում»։
Տեղեկացնելով, որ նոյեմբերին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ ամենամյա գագաթաժողովը, Պուտինը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակի սրման հետ կապված կազմակերպությունը միջոցներ է ձեռնարկում։
«Առճակատման գոտի է ուղարկվել հատուկ առաքելություն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ, նրան հանձնարարվել է իրավիճակի ուսումնասիրության արդյունքներով Հավաքական անվտանգության խորհրդի համար առաջարկներ պատրաստել»,-հայտարարել է Պուտինը։