Երևան կատարած այցի ավարտին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարություն է տարածել։
«Մեր Կոնգրեսի պատվիրակությունը մեկնեց Հայաստան, որը կարևոր ճակատ է ժողովրդավարության և ինքնավարության միջև պայքարում: Մայրաքաղաք Երևանում մեր ներգրավվածության ընթացքում մենք փոխանցել ենք Հայաստանի ժողովրդավարության և անվտանգության աջակցության հզոր ուղերձ, հատկապես Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո։ Մեր այցը նախատեսված էր սեպտեմբերի 12-ի ռազմական գործողությունների մեկնարկից առաջ։
Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնը, Աննա Էշուն և Ջեքի Սփիըրը և ես մեր այցելությունը սկսեցինք Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ դնելով: Այնտեղ մենք աղոթեցինք Ցեղասպանության ժամանակ սպանված 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների համար:Կոնգրեսը հավատարիմ է երաշխավորելու, որ Ցեղասպանության ճշմարտությունը երբեք չի ջնջվի, այդ իսկ պատճառով 2019 թվականին մենք ընդունեցինք օրինագիծ՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, որին նախագահ Բայդենն արձագանքեց անցյալ տարի իր պաշտոնական ճանաչմամբ»,-նշել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան՝ շեշտելով, որ իր ղեկավարած պատվիրակության համար պատիվ էր հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Փելոսիի խոսքով՝ այդ շփումներն ապահովել են մտքերի փոխանակում Հայաստանում և տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճմանն ուղղված քաղաքականության և գործողությունների վերաբերյալ։
Հայտարարությունում նշվում է, որ պատվիրակությունն այնուհետ հանդիպել է քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ, որոնք «արտահայտել են ժողովրդի մտահոգություններն ու կարիքները այս դժվարին պահին և լույս են սփռել Հայաստանի ժողովրդավարության և անվտանգության համար մղվող պայքարի վրա»:
Միաժամանակ ընդգծվում է, որ «թեպետ Հայաստանում ներքին քաղաքական ասպարեզում կան տարաձայնություններ՝ բոլոր առաջնորդների միջև առկա է հստակ համաձայնություն առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ դադարեցնել ագրեսիվ գործողությունները»:
«Ոգեշնչված մեր ստացած ընդունելությունից՝ մեր պատվիրակությունը տուն է վերադառնում հպարտ և պատրաստ՝ առաջ մղելու Կոնգրեսի երկարամյա հանձնառությունը ժողովրդավարական Հայաստանի և անվտանգ ու խաղաղ Կովկասի տարածաշրջանի նկատմամբ»,-հայտարարությունը եզրափակել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը։
Հիշեցնենք՝ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ սեպտեմբերի 18-ին կայացած համատեղ ասուլիսին խստորեն դատապարտել է «Ադրբեջանի մահացու հարվածներն ու հարձակումները Հայաստանի տարածքի» նկատմամբ, նշել, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, խոսել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ինչը Բաքուն հայտարարում է, որ լուծված է:
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նենսի Փելոսիի՝ Երևանում հնչեցրած հայտարարությունները։