Նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ ներկա է գտնվել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորության պետական արարողությանը:
Նա մասնակցել է թագուհու հրաժեշտի արարողությանը, գրառում կատարել Լանկաստերի պալատում բացված սգո մատյանում:
Նախագահականից հայտնում են, որ Վահագն Խաչատրյանը մասնակցել է նաև Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդի կազմակերպած պաշտոնական ընդունելությանը, որը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում, իսկ երեկ առավոտյան էլ Ուեստմինստերյան աբբայությունում մասնակցել է թագուհու հրաժեշտի պատարագին։
Ներկա գտնվելով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի կողմից կազմակերպված ընդունելությանը՝ Հայաստանի նախագահն առանձնազրույցներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների և միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, անդրադարձել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմանն, ինչպես նաև միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, աշխարհաքաղաքական իրադարձություններին։
Հիշեցնենք՝ Բուքինգեմյան պալատը սեպտեմբերի 8-ին հայտնեց Մեծ Բրիտանիան ամենաերկարը կառավարած միապետի՝ 96-ամյա Եղիսաբեթ Երկրորդի մահվան մասին։
Նրա մահից հետո Բրիտանիան կթագավորի թագուհու ավագ որդին՝ 73-ամյա Չարլզը։