«Մենք գնահատում ենք ԱՄՆ-ի հստակ դիրքորոշումը՝ կապված Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի հետ։ Իհարկե, ԱՄՆ կառավարության կողմից հստակ ձևակերպումները գնահատելի են, որովհետև դա շատ կարևոր է մեզ համար։
Տեղյակ եք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է ներկա իրավիճակը, և մենք հույս ունենք, ու դա մեր դիրքորոշումն է, որ այս իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում և այս առումով, իհարկե, մենք ապավինում ենք ԱՄՆ աջակցությանը»,-այդ մասին կառավարությունում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության ընդունելությանն իր ողջույնի խոսքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ իր հերթին Նենսի Փելոսին նշել է.
«Շատ շնորհակալ եմ, պարոն վարչապետ, ողջույնի ջերմ խոսքերի և այս պատվիրակության անդամ իմ գործընկերների կողմից կատարված հսկայական աշխատանքի գնահատման համար: Աջակցությունը ժողովրդավարությանը Հայաստանում, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, հակազդեցությունը Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հարցում, և բոլոր մնացած առումներով մենք Հայաստանի ընկերն ենք։ Մենք այստեղ ենք՝ հարգելով Ձեր կառավարությունը։
Անցած տարի տեղի ունեցան ընտրություններ, որոնք գնահատվեցին ազատ և արդար, և Ձեր հրաշալի հաղթանակը պատերազմի և այլ հանգամանքների պայմաններում։ Եվ բանը նրանում է, որ երբ մենք սովորաբար այցելում ենք որևէ երկիր, դա հարգանք դրսևորելու, լսելու և սովորելու նպատակ է ունենում, բայց ես կարող եմ անկեղծորեն ասել, որ ԱՄՆ-ից Հայաստան եկած այս պատվիրակությունն իր հետ բերել է Ամերիկայի ժողովրդի սերը, հարգանք՝ Ձեր կառավարության և սեր՝ Հայաստանի ժողովրդի հանդեպ։
Շնորհակալություն հյուրընկալության համար»:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը, տարբեր ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է հետևողական քայլերը ժողովրդավարության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ: Գործադիրի ղեկավարը բարձր է գնահատել ԱՄՆ օժանդակությունը՝ ՀՀ կառավարության բարեփոխումների հարուստ օրակարգի առաջմղման գործում:
Նշվում է նաև, որ Նիկոլ Փաշինյանը և Նենսի Փելոսին անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ դրսևորված ագրեսիային և ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերմանը վերաբերող հարցեր: Քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը վստահեցրել է, որ ամերիկյան կողմը շարունակելու է ակտիվորեն նպաստել երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանն ուղղված ծրագրերին: