Սեպտեմբերի 15-ի երեկոյան, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն, մոնիտորինգային առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ Պաշտպանության նախարարությունից (ՊՆ) հայտնում են, որ գեներալին նույն օրն ընդունել է նախարար Սուրեն Պապիկյանը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և առաջադրել առաջիկա մոնիտորինգի հետ կապված խնդիրները: Նախարարը հույս է հայտնել, որ խումբը արդյունավետ աշխատանք կիրականացնի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին կներկայացնի մանրամասն և ճշգրիտ հաշվետվություն ստեղծված օպերատիվ իրադրության վերաբերյալ:
Ըստ հաղորդագրության՝ առաջիկա օրերին օպերատիվ խումբը համապատասխան աշխատանք կկատարի ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբում և մարտական գործողությունների շրջաններում:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սեպտեմբերի 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի մի շարք ուղղություններով հարձակումների փաստով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում էր կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: