Սահմանին իրադրությունը մնում է լարված և Հայաստանի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) քննարկել է Հայաստանում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը և անհրաժեշտությունը․ այսօր կայացած ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ եկել են եզրակացության՝ այս պահին նման որոշման չգնալ։
Նշելով, որ կան քաղաքացիներ, ովքեր ցանկանում են մասնակցել սահմանների պաշտպանությանը, կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ նրանք կարող են սովորական ընթացակարգով, կամավորության հիմքով դիմել զինկոմիսարիատներ, և այդ խնդիրը կլուծվի:
Արձագանքելով Փաշինյանին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հստակեցրել է՝ Աշխարհազորի մասին օրենքը, եռամսյա հավաքների մասին Կառավարության ընդունած որոշումները և «Պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածն նման հնարավորությունները տալիս են, և, բոլոր այն քաղաքացիները, ովքեր ուզում են կամավորության հիմունքներով զինվորագրվել, զինկոմիսարիատները պատրաստ են նրանց ընդունելու, հետո տեղորոշելու ըստ վայրերի:
Սահմանային իրավիճակի և դրանից ածանցվող հարցերի քննարկման մանրամասները՝ տեսանյութում։