Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) դիմում է համաշխարհային հանրությանը՝ պահանջելով ձեռնպահ մնալ անհասցե հայտարարություններից և խստորեն դատապարտել Ադրբեջանի հերթական ագրեսիան Հայաստանի նկատմամբ ու ձեռնարկել իրական միջոցներ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։
ԳԱԱ տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
«2022 թ. սեպտեմբերի 13-ից ադրբեջանական զինված ուժերը, կիրառելով տարբեր
զինատեսակներ, այդ թվում՝ ծանր հրետանի, ականանետներ ու անօդաչու թռչող սարքեր, զանգվածային կրակ են բացել ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի տարածքներում տեղակայված հայկական զինված ուժերի և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, առանձին հատվածներում փորձել ներթափանցել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։
Այդ հերթական արգեսիվ քայլով մեկ անգամ ևս պարզ է դառնում, որ Ադրբեջանը ոչ միայն նպատակ չունի առաջնորդվել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներով, այլև, օգտվելով ռուս-ուկրաինական առճակատման հետևանքով աշխարհում ստեղծված ներկա բարդ ռազմաքաղաքական իրավիճակից, ձգտում է բռնազավթել ՀՀ տարածքը՝ երբեմնի հայկական Նախիջևանի հետ ցամաքային միջանցք հաստատելու պատճառաբանությամբ։
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դիմում է համաշխարհային հանրությանը՝ պահանջելով ձեռնպահ մնալ անհասցե հայտարարություններից և խստորեն դատապարտել Ադրբեջանի հերթական ագրեսիան Հայաստանի նկատմամբ ու ձեռնարկել իրական միջոցներ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան իր պատրաստակամությունն է հայտնում հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու հայրենի երկրի պաշտպանության գործին և, խիստ կարևորելով ներկա պահին ազգային համերաշխության անհրաժեշտությունը, կոչ է անում հանրության բոլոր ուժերին թիկունք լինել Հայոց բանակին, միասնաբար հանդես գալ թշնամու դեմ, զինվել հայրենի հողի, Հայոց պետականության պաշտպանության վճռականությամբ և հաղթանակի հավատով»։