Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Շնորհակալություն հայտնելով իրավիճակին արագ արձագանքելու և տարածաշրջան այցելելու համար՝ պաշտպանության նախարարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
«Սուրեն Պապիկյանը նշել է, որ լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է: Իրավիճակի հանգուցալուծման առումով պաշտպանության նախարարը շեշտել է տեղի ունեցած ագրեսիային միջազգային հանրության, այդ թվում` ԵՄ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը:
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն իր խոսքում ներկայացրել է ԵՄ դիրքորոշումը ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ` շեշտելով առկա բոլոր տարաձայնությունները բացառապես դիվանագիտական գործիքակազմով լուծելու անհրաժեշտությունը: Տոյվո Կլաարը վերահաստատել է նաև ԵՄ հանձնառությունը` նպաստելու կողմերի միջև բանակցային գործընթացի վերականգնմանը և համաձայնությունների ձեռքբերմանը»,-ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը երեկ էլ Բաքվում էր: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Կլաարը մտահոգություն է հայտնել սեպտեմբերի 12-13-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին բռնկված լարվածության կապակցությամբ։ Սեպտեմբերի 13-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էր հայտնել, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականությանբարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը խնդրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին մեկնել Բաքու և Երևան՝ սահմանային իրավիճակի հետագա էսկալացիայի կանխման ուղղությամբ աշխատելու նպատակով: