«Կատակասեր ու կենսուրախ». հակառակորդի կրակոցից զոհվել է մանկավարժականի ուսանող Էդմոն Սարգսյանը - RadioVan.fm

Онлайн

«Կատակասեր ու կենսուրախ». հակառակորդի կրակոցից զոհվել է մանկավարժականի ուսանող Էդմոն Սարգսյանը

2022-09-14 17:00 , Общество, 1074

«Կատակասեր ու կենսուրախ». հակառակորդի կրակոցից զոհվել է մանկավարժականի ուսանող Էդմոն Սարգսյանը

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ) հայտնում է անդառնալի կորստի մասին․ հայրենիքի սահմանները պաշտպանելիս՝ հակառակորդի կրակոցից զոհվել է բուհի Գեղարվեստական լուսանկարչություն բաժնի ուսանող, ժամկետային զինծառայող Էդմոն Սարգսյանը։

Էդմոն Սարգսյանը ծնվել էր 2003 թվականին Երևանում։ Բանակ զորակոչվել նախորդ տարվա հունվարին, ծառայում էր Վայոց ձորի զորամասերից մեկում։

Էդմոնը ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհրդի անդամ է եղել, ճանաչողները նրան նկարագրում են հումորով, կատակասեր ու կենսուրախ։

«Դպրոցն ավարտելուց հետո, բոլորն էլ նոր կյանք են մտնում երազանքներով ու պայծառ մտքերով։ Էդմոնը ևս սովորում էր մեծ ոգևորությամբ, ուրախությամբ զորակոչվեց նաև բանակ՝ հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու»,-aspu.am-ի հետ զրույցում նշել է Էդմոն Սարգսյանի կուրսղեկ, Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնակատար Սամվել Սևադան՝ իր ցավակցությունը հայտնելով թշնամու սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված սիրելի սանի մահվան կապակցությամբ։

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Էդմոն Սարգսյանի հարազատներին, զինակիցներին, կուրսընկերներին։

«Ծանր է կորուստը, վիշտն՝ անփարատելիքաջարի հայորդու հիշատակը վառ կմնա բոլորիս սրտերում»,-ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ մասնավորապես հրետակոծելով Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը,հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

ՀՀ պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրությամբ տեղեկացվել է, որ ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է, 13։00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային ԱԹՍ-ներ:

Ճշտված տվյալների համաձայն՝ հայկական կողմը հաստատված 49 զոհ ունի, քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, ադրբեջանական հարձակումից մինչ այս պահը Գեղարքունիքի և Սյունիքի համայնքներից տեղեհանվել է, առնվազն, 2570 անձ։

Лента

Рекомендуем посмотреть