Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից (ՊՆ):
Ժամը 13.00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային ԱԹՍ-ներ:
«Հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին: Սա հերթական վկայություն է, որ չնայած պաշտոնական Բաքվի հայտարարություններին, ադրբեջանական զինուժը տարբերություն չի դնում թիրախների միջև:
Հրթիռահրետանային հարվածներին զուգահեռ՝ ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ձեռնարկում են բոլոր միջոցները թշնամուն համարժեք պատասխանելու համար»,-ասված է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի հնչեցրած հայտարարության մեջ: