Սոթքում Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ուղիղ կրակի արդյունքում վնասվել են քաղաքացիների տները, կից կառույցները, համայնքապետարանի շենքը։ Դրանք եղել են ադրբեջանական ուժերի կողմից ուղիղ կրակի թիրախ կամ հանդիսացել են ուղղակի թիրախ կրակի համար։ Գեղարքունիքի մարզ այցելած ՀՀ մարդու իրավունքների պաշպանի (ՄԻՊ) փաստահավաք առաքելություն իրականացնող խմբերն են պարզել։
Նշվում է, որ, անգամ, փաստահավաք առաքելության ժամանակ շարունակվող հրետակոծության ու արկակոծության պայմաններում անձինք հնարավորություն չեն ունեցել իրենց տներ վերադառնալու կամ այնտեղից գույքը, ընտանի կենդանիները տարհանելու համար։
Վերին Շորժայում անձինք ներկայացրել են, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակ են արձակել քաղաքացիական ավտոմեքենաների ուղղությամբ, ինչի պատճառով մեքենաներն այրվել են։ Համայնքի բնակիչները տեղեկացրել են, որ կրակակոծության հետևանքով ստիպված են եղել թողնել իրենց անձնական իրերը, փաստաթղթերը, ընտանի կենդանիներին և զրկված են իրենց տներ վերադառնալու հնարավորությունից։
Պաշտպանի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզում այցելել են նաև քաղաքացիական բժշկական կենտրոն, որտեղ գտնվել է ադրբեջանական գործողությունների պատճառով վիրավորում ստացած 2 քաղաքացիական անձ, որոնցից մեկը՝ տարեց կին։
Պաշտպանի ներկայացուցիչները, ընդհանուր առմամբ, հանդիպումներ են ունեցել Նորաբակ, Կութ, Սոթք, Վարդենիս համայնքների բնակիչների ու ղեկավարների հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փաստահավաք աշխատանքի արդյունքում հավաքագրված տեղեկատվություններն ու ապացույցները կուղարկվեն միջազգային գործընկերներին ու միջազգային իրավապաշտպան կառույցներին։