Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված իրավիճակը գնահատելու համար Հայաստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ, Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի և կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
ՀԱՊԿ տարածած տեքստում նշվում է, որ գագաթնաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակիցներին ներկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների որոշ հատվածներում ստեղվծած իրավիճակը, որի հետևանքով զոհեր ու վիրավորներ կան։
Ռազմական դաշինքը հայտնում է, որ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի բոլոր մասնակիցները մտահոգություն են հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման վերաբերյալ և հանդես են եկել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված սկզբունքների և Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների վրա։
Ընդգծվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հավաքական անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել է ստեղծված լարվածության թուլացմանն ուղղված ռուսական կողմի գործնական քայլերի մասին: