Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանն առցանց քննարկումներ է ունեցել Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ադրբեջանական շարունակվող հարձակման հետևանքով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում տիրող իրավիճակի փաստերը:
Մասնավորապես, Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ սկսած ագրեսիայի վերաբերյալ աշխատակազմի փաստահավաք տվյալները, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց թիրախավորման փաստերը, ներկայացրել ապացույցներ:
Պաշտպանն առանձին քննարկումներ է ունեցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչի, ապա նաև ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողի ու հանձնաժողովի քարտուղարության հետ՝ ներկայացնելով իրավիճակը։
Քննարկումների ընթացքում Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է, որ ադրբեջանական գործողություններն ըստ էության ագրեսիվ հարձակում են Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, անմիջական վտանգներ են ստեղծել տեղի խաղաղ հայ բնակչության կյանքի ու անվտանգության համար, խաթարել են վերջիններիս այլ հիմնարար իրավունքները: Պաշտպանը խոստացել է պարբերաբար գործընկերներին տեղեկացնել իրերի ընթացքի վերաբերյալ և խնդրել զրուցակիցներին համարժեք գնահատել իրադարձությունները։
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ ՄԻՊ աշխատակազմը հավաքագրում է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ սկսած ագրեսիայի ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման ապացույցները։
Շտապօգնության տարբերանշանով ու համապատասխանորեն կահավորված տրանսպորտային միջոցների թիրախավորման փաստերը ևս ստացվում են։ Նշվածը Միջազգային մարդասիրական իրավունքի և Ժնևյան կոնվենցիաների (Լրացուցիչ արձանագրություն I) կոպիտ խախտում է։ Ընդգծվել է, որ Փաստերը կներկայացվեն միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և այլ դերակատարներին։
ՄԻՊ-ը, միաժամանակ, Սոթք և Կութ համայնքներից լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել, նշվել էր, որ փաստերը կներկայացվեն միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և այլ դերակատարներին։