Սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
ՀՀ պաշտպանության նախարարությունից (ՊՆ) հայտնում են, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռուս գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ:
Հիշեցնենք՝ Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հաղորդվել է, որ այսօր առավոտյան ժամը 8-ի իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություն չի կրել. ադրբեջանական կողմը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները, սահմանի որոշ հատվածներում էլ դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, Ադրբեջանը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։
Գիշերը, ժամը 4-ի սահմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: