Ադրբեջանի պաշտպանության նախարարության (ՊՆ) տարածած հաղորդագրությունն այն մասին, թե Պաշտպանության բանակի (ՊԲ) ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, բացարձակ սուտ է և իրականությանը չի համապատասխանում։
«Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի Հանրապետության ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար։
Տվյալ պահին իրավիճակն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,-ընդգծում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք՝ Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հաղորդվել է, որ այսօր առավոտյան ժամը 8-ի իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություն չի կրել. ադրբեջանական կողմը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները, սահմանի որոշ հատվածներում էլ դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, Ադրբեջանը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։
Գիշերը, ժամը 4-ի սահմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: